Անգլիայի առաջնության լավագույն ակումբներից մեկը` Լոնդոնի Տոտենհեմը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի 24-ամյա ռմբարկու Յուրա Մովսիսյանի ծառայություններով:
Lifesports.ru-ն գրում է, որ անգլիական ակումբի սկաուտները հայ ֆուտբոլիստին նկատել են դեռեւս Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականների հանդիպման ժամանակ, երբ Մովսիսյանն աչքի ընկավ երեք գոլային փոխանցումներով:
«Մովսիսյանն այս մրցաշրջանում գերազանց է դրսեւորել իրեն Կրասնոդարի եւ Հայաստանի ազգային հավաքականի կազմում եւ գրավել է բազմաթիվ ակումբների ուշադրությունը: Բացի այդ, ֆուտբոլիստի շահերը ներկայացնող գործակալական ընկերությունը սերտ կապեր ունի ամերիկացի գործընկերների հետ, որոնք անգլիացիներին խորհուրդ են տվել ուշադիր հետեւել հայ ռմբարկուի խաղին», - Life Sports-ին հայտնել է ռուս գործակալներից մեկը:
Յուրա Մովսիսյանի ներկայացուցիչներից մեկը` Դավիթ Աբրահամյանը, հաստատել է այդ տեղեկությունը:
«Յուրան հրաշալի մրցաշրջան անցկացրեց հավաքականի եւ ակումբի կազմում եւ գրավեց բազմաթիվ ակումբների ուշադրությունը: Մի քանի անգլիական ակումբներ են Տոտենհեմից բացի հետաքրքրվում Մովսիսյանի ծառայություններով», - Life Sports-ին ասել է Դավիթ Աբրահամյանը:
News.am