Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում վերջին մի քանի օրերին գրանցված անբնական սառնամանիքներն առնվազն 60 մարդու կյանք են խլել:
Ամենածանր իրադրությունն Ուկրաինայում է: Այնտեղ սառնամանիքներից մահացել է շուրջ 30 մարդ, մեծամասամբ`անտունները: Լեհաստանում, որտեղ հանգստյան օրերին ջերմաստիճանն իջել էր մինչեւ 27 աստիճան, 10 մարդ ցրտից սառել-մահացել է:
Ձյան տեղումները, քամիները եւ ուժեղ սառնամանիքները Բուլղարիայում հինգ մարդու մահվան պատճառ են դարձել: Երկրի իշխանությունները մի քանի շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել:
Ռումինիայում սառնամանիքները խլել են չորս մարդու կյանք: Ձյան տեղումները երկրում էներգամատակարարման վթարներ են առաջացրել, շատ բնակավայրեր մնացել են առանց լույսի: Կառավարությունը մայրուղիները ձյունից մաքրելու աշխատանքներին ներգրավել է բանակին:
Ծանր է իրադրությունը նաեւ եվրոպական այլ երկրներում, հատկապես` բալկանյան տարածաշրջանի: Այդ երկրներում օդի ջերմաստիճանը հասնում է մինչեւ 20 - 25 աստիճան ցրտի: Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների` սառնամանիքները եւս մեկ շաբաթ կշարունակվեն, հաղորդում է Euronews հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ Եվրոպայում իսկական սիբիրյան ցրտերը պայմանավորված են հենց սիբիրյան հակացիկլոնով: Այն հրեշ է, որը հանկարծ հասել է անհավանական չափերի: Ուժեղ սառնամանիքները ձգվում են Բայկալից մինչեւ Կենտրոնական Եվրոպա, Սպիտակ ծովից մինչեւ Սեւ ծով: Ըստ ռուսական օդերեւութաբանների մեկնաբանության` հակացիկլոնը շատ հզոր է, եւ այն այդքան հեշտ չի նահանջի: Մինչեւ փետրվարի 10-ը զգալի տաքացում չի սպասվում:
News.am