Մոսկվայում տեղի ունեցած վթարի արդյունքում լրջորեն տուժել է էստրադային երիտասարդ կատարող, «Ֆակտոր Ա» հեռուստաշոուի հաղթող Սերգեյ Սավինը, որին նկատել է անձամբ Ալլա Պուգաչովան: Երգիչը, ով «Եվրատեսիլ 2012»-ին Ռուսաստանը ներկայացնելու հավանական թեկնածուներից էր, այժմ կոմայի մեջ պառկած է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:
Վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին` մայրաքաղաքի հյուսիս-արեւելքում:
Չհաստատված տվյալներով` 26-ամյա արտիստը կորցրել է մեքենայի կառավարումը եւ բախվել ճանապարհի կողնակին կայանած Mitsubishi-ին: Հարվածից երգիչը կորցրել է գիտակցությունը, եւ երբ բժիշկները ժամանել են, նա արդեն կոմայի մեջ է եղել: Հետազոտությունը ցույց է տվել, որ երիտասարդը
ուղեղի ցնցում է ստացել եւ արյան զեղում:
Սավինը մայրաքաղաք է ժամանել Կրասնոդարի երկրամասից` հագուստ վաճառողի աշխատանքային փորձով եւ տնտեսագիտական բարձրագույն կրթությամբ: Անցած ամառ նա «Ֆակտոր Ա» հեռուստաշոուի հաղթող է ճանաչվել, որի ժյուրիի կազմում նաեւ Ալլա Պուգաչովան էր: Հենց նա էլ եզրափակչում Սավինին որոշիչ ձայնն էր տվել, գրում է NEWSru-ն:
Շոու-բիզնեսին նվիրված ինտերնետային կայքերի վկայությամբ` Պուգաչովային քանիցս տեսել են Սավինի ուղեկցությամբ: Չար լեզուները հավաստիացնում են, որ երգչուհին շուտով հոգնել է երիտասարդի ընկերակցությունից`ալկոհոլի նկատմամբ վերջինիս հակվածության պատճառով:
News.am